հինգշաբթի, 02.05.2024, 06:38
Բարի Գալուստ Հյուր | RSS

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N 1 Հիմնական Դպրոց ՊՈԱԿ


Մեսրոպ Մաշտոց
Կայքի մենյուն
Աշուն
Վիճակագրություն

Կայքում են ընդամենը.. 1
Հյուրեր 1
Օգտագործող 0
Մուտք

Կրթական պաշարներ

Պաշարների կատալոգ


ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (361- 440)

Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը:

Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, վրացերենին, ասորերենին և պարսկերենին: Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն
3. հայությունը փրկել ձուլումից
4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել էր հատուկ ժողով։ Մոտ 404 - ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398—408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։

Ստեղծվում է հայերենի հնչյունական համակարգը՝ ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը։

Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416—429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե՛ արևելյան և թե՛ բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:
Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:
Մաշտոց նշանակում է սրբազան, սուրբ, ծիսական, աղոթագիրք:
Հայերեն տառերով առաջին նախադասությունը գրեց Մեսրոպ Մաշտոցը՝ «Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարի խոսքերը»):

Շարականներ

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

***

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

***

Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա:

***

Ընդ առաւօտս կանխեցից՝
Յանդիման լինել քեզ,
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ընդ առաւօտս լուիցես
Ձայնի իմում, տէր.
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ես զքեզ աղաչեմ, տէր,
Նայեա յաղօթս իմ,
Թագաւոր իմ և աստուած իմ:

***

Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազմումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

***
Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:

Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:

***

Ի նեղութեան իմում օգնեա՛ ինձ, տէ՛ր,
Որպէս երբեմն Յովնանու, եւ ողորմեա՛:

Ի յանցանաց իմոց մաքրեա՛ զիս, տէ՛ր,
Որպէս երբեմն զմաքսաւորն, եւ ողորմեա՛:

Ի նենգաւոր շրթանց փրկեա՛ զիս, տէ՛ր,
Եւ յարենէ ապրեցո եւ ողորմեա՛:

***
Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն
Յապականացու կենցաղըս ծախեցի,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի՛չ,
Խնայեա" ի մեղուցեալ ծառայս:

Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի
Եւ եղէ անբարունակ որթ,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի՛չ,
Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս:

Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի
Պըտղակորոյս` որպէս ձիթենի,
Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի՛չ,
Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս:
Մեսրոպ Մաշտոց
Օրացույց
«  մայիս 2024  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Պատգամ
Փնտրել

Copyright vagharshapat1.do.am © 2024